ԺԱՆ ԳԱՌԶՈՒ
(1907 - 2000)
«Իբրև նկարիչ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ: Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք»
Գառզու (Գառնիկ Զուլումյան) ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ: Ծնվել է 1907թ․ Սիրիայում։ Սովորել է Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել Փարիզում։ 1929 թվականին ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան:
Առաջին և Երկրորդ աշխարհամարտերը իրենց կնիքն են թողել Գառզու-նկարչի ստեղծագործական մտածելակերպի վրա: Լենինգրադցի արվեստաբան Ռազդոլսկայան իր «Գառզուն-բնանկարիչ» ուսումնասիրության մեջ գրում է՝ «Գառզուն պատկանում է նկարիչների այն սերնդին, որոնք ձևավորվել են պատերազմի ծանր տարիներին և զարգացում ապրել հետպատերազմյան դժվար ու բարդ շրջանում: Անկարելի է նրա արվեստը հասկանալ առանց այդ ժամանակահատվածի, չնայած նա կոնկրետ իրադարձություններ չի պատկերում և եթե անդրադառնում է նման թեմաների, ապա միայն մետաֆորիկ, այլաբանական ձևով»:
Գառզուի նկարներում իրականությունը կարծես վերափոխվում, վերածվում է գծերի: Նրա ստեղծագործությունների գլխավոր առանցքը գիծն է: Գծանկարի կարևոր խնդիրներից մեկը լարվածության, տագնապի զգացողության փոխանցումն է: Հստակ գույներ, հստակ գծեր, որոնք բնորոշ են Գառզու նկարչին: Նրա բնությունը տաճարները, կայարանները, երկաթգծերն են: Գառզուի նկարներում լռությունն է իշխում և ստիպում, որ ձայները ծնվեն մեր մեջ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
- Հոլմարկի մրցանակ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
- 1966թ. Անհատական ցուցահանդես, Երևան
- 1975թ. «Նոր հայացք» ցուցահանդես, Փարիզ
- 1939թ. Անհատական ցուցահանդես, Փարիզ
Գառզուի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստների թանգարանում և Բոյաջյան Արվեստների Կենտրոնում: