ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ
(1874-1947)
«Կհուսամ, որ մոտ ապագայի մեջ, սրտիս փափագը պիտի կարողանամ իրագործել և գալ համբուրել մեր Հայաստանի սրբազան հողը»
Օֆորտի մեծ վարպետ Էդգար Շահինը 20-րդ դարի սկզբից ի վեր ամենից ճանաչված հայ արվեստագետներից է Ֆրանսիայում:
Ծնվել է Վիեննայում, մանկությունն անց է կացրել Կ. Պոլսում: Նկարչական առաջին քայլերը կատարել է Մելքոն Տիրացույանի մոտ, իսկ գեղարվեստական սկզբնական կրթություն ստացել է Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանում՝ Պաոլետիի մոտ: Հիմնական կրթություն ստացել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում: Շահինն իր մասին ասել է. «Ես փողոցի աշակերտ եմ»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչները քիչ ազդեցություն են ունեցել նրա վրա:
Շահինը ստեղծագործական ասպարեզ է մտել որպես գեղանկարիչ, սակայն կարճ ժամանակահատվածում վրձինը փոխարինել է փորագրիչով, չոր ասեղով: Երիտասարդ տարիքում Շահինը մասնակցել է ցուցահանդեսների Փարիզում և Վենետիկում՝ արժանանալով ոսկե մեդալների:
Շահինի կերպարները վերցված են փարիզյան տարբեր միջավայրերից: Նրա նկարներում կարևոր տեղ են գրավում անգործ թշվառները, աշխատավորները: Նա հեղինակ է մի շարք բնանկարների, դիմանկարների, գրքի նկարազարդումների:
Շահինի գծերը հստակ են, ցայտուն արտահայտված և դրանց շնորհիվ է, որ աշխատավոր մարդու կերպարը, նրա հոգեկան ապրումներն էլ ավելի տեսանելի են դառնում: Սև գծերի և թղթի գույնի համադրությունը ստեղծում են մի յուրահատուկ մթնոլորտ, որի շնորհիվ մեր առջև բացվում է Շահին նկարչի ստեղծագործական ողջ մտածողությունը: Քննադատները նրան անվանել են «նրբազգաց հոգեբան»: Շահինը հիանալի կերպով կարողացել է նկարել լարախաղացների, ըմբիշների, կրկեսի արտիստների:
Էդգար Շահինը, ապրելով Փարիզում, մշտապես կապ է հաստատել հայրենիքի և նրա մշակույթի հետ: Ստեղծել է հայկական թեմաներով օֆորտներ, դիմանկարներ՝ պատկերելով իր հորը՝ Պետրոս Շահինին, օրիորդ Երամին, տիկին Զարմիկյանին:
Շահինի որդու՝ Պիեռի շնորհիվ, 1991 թվականից ի վեր Նորմադիայում գործում է «Էդգար Շահինի արվեստի կենտրոնը»:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 1900թ. «Ոսկե մեդալ» (Փարիզ)
- 1903թ. «Ոսկե մեծ մրցանակ» (Վենետիկ)
- Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան (Ֆրանսիա)
Էդգար Շահինի աշխատանքները գտնվում են Փարիզի Ազգային գրադարանում, Վենետիկի Քաղաքային թանգարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, Բոյաջյան Արվեստների Կենտրոնում: