ԱՐՍԵՆ ՇԱԲԱՆՅԱՆ
(1864 – 1949)
Արսեն Շաբանյանը հայ ու եվրոպական ծովանկարչության երևելի դեմքերից է: Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարին գավառի Սունինց գյուղում։
Նախնական կրթությունը ստացել է Կարինում, այնուհետև Մուրադ Ռափայելյան վարժարանում: Այստեղ ավարտելով կրթությունը 1883 թ. վերադարձել է ծննդավայր: 1890 թվականին մեկնել է Թեոդոսիա, ծանոթացել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ և վերջինիս խորհրդով մեկնել Փարիզ: Հաճախել է Ժյուլիանի ակադեմիա՝ աշակերտելով Գ. Մորոյին, Ժ. Պ. Լորանսին և Բ. Կոնստանին։
Շաբանյանն օգտագործում էր նկարչական տեխնիկայի տարբեր միջոցներ, հիմնականում՝ յուղանկար և պաստել: Նրա ստեղծագործություններն առաջին հերթին բաղկացած էին ծովանկարներից, ծաղկանկարներից և երբեմն էլ՝ նատյուրմորտներից: Մերթընդմերթ ժանտաջրով (օֆորտ) գունավոր փորագրություններ էր կատարում:
Նրա վարպետությունն ամենից ավելի փայլուն կերպով ի հայտ էր գալիս ծովանկարներում և մասնավորապես լուսնի լույսով դիտված ծովի տեսարաններում: Նկարչական լույսի այդ առանձնահատկությունը գալիս էր իմպրեսիոնիստական տեխնիկայի ճիշտ հասկացողությունից, որը Շաբանյանը յուրացրել էր ու վարպետորեն կիրառել:
Առաջին անգամ Արսեն Շաբանյանի աշխատանքները ցուցադրվել են 1894 թվականին Փարիզում:
Շաբանյանի ծովանկարներին բնորոշ է բանաստեղծականությունը, խոհականությունը։ Շաբանյանն եղել է Ֆրանսիայի ծովանկարիչների և գունավոր փորագրության նկարիչների ընկերությունների հիմնադիրներից և հայ արվեստագետների «Անի» ընկերության անդամ։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 1926թ. Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան
Շաբանյանի աշխատանքները Հայաստանում տեղ են գտել Ազգային պատկերասրահում, Էջմիածնի Վեհարանի թանգարանում, մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Բոյաջյան Արվեստների Կենտրոնում: